Արցախում ժամը 17:00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8%–ը

Armenpress 18:14, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 17:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%–ը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Մարտի 31-ի, ժամը 17։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66 հազար 731 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%–ը»,– ասաց նա։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 23370 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 59,9%–ը, Ասկերան` 8665 ընտրող կամ 71,6%–ը, Հադրութ` 6019 ընտրող կամ 68,4%–ը, Մարտակերտ` 8936 ընտրող կամ ընտրողների 66,8%–ը, Մարտունի` 11258 ընտրող կամ ընտրողների 64,9%–ը, Շահումյան` 1418 ընտրող կամ 66,3%–ը, Շուշի` 2535 ընտրող կամ ընտրողների 64,3%–ը, Քաշաթաղ` 4160 ընտրող կամ ընտրողների 58,5%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 370 ընտրող կամ ընտրողների 47,7%–ը։

Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

«Ազգային վերածնունդ» կուսակցություն «Միասնական հայրենիք» կուսակցություն  «Անկախության սերունդ» կուսակցություն  «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն  Արցախի հեղափոխական կուսակցություն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք  Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցություն Արցախի պահպանողական կուսակցություն Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am