Հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Երևան

Armenpress 14:20, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին  հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայողները տեղափոխվել են Երևան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Տավուշի մարզում հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք արդեն տեղափոխվել են Երևան»,- նշեց Ստեփանյանը։

Մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխան տեղափոխվել է Երևան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am