Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

Armenpress 15:38, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց կատարումներով հանդես էին գալիս հայտնի նվագախմբեր և մենակատարներ: Դրա վառ վկայություններն են բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակները և պետական ու հանրային մակարդակով դրսևորված գնահատանքը:

Տաղանդաշատ ստեղծագործողը սերտ կապեր էր պահպանում իր նախնիների հայրենիքի` Հայաստանի հետ և տարբեր առիթներով այցելում: Նրա ներդրումը համաշխահային երաժշտարվեստին մշտապես հավուր պատշաճի գնահատվել է նաև Հայաստանում:

Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am