Սիրիայում հայկական հումանիտար խմբի տեղակայման վայրում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

Armenpress 17:43, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբի բոլոր անդամներն առողջ են և նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխելու համար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների առողջական վիճակը։ Նա Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի հետ միասին կապ հաստատեց Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Գրիգոր Բասենցյանի հետ։

«Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբին վարակից պաշտպանելու համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները։ Այստեղ ախտահանվում է ամբողջ տարածքը։ Անձնակազմի բոլոր անդամների առողջական վիճակը լավ է, հիվանդներ չունենք։ Մենք բնականոն հունով այստեղ իրականացնում ենք ականազերծման աշխատանքներ»,- նշեց Բասենցյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am