Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանից հետաքրքրվել է Արցախում կայանալիք ընտրությունների ընթացքով

Armenpress 16:26, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։

Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am