Տնտեսական դժվարության պատճառներից է մեծ պետությունների հովանավորչական տնտեսական քաղաքականությունը

Armenpress 15:21, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը, որը կանխատեսում էինք»,– «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Անդրադառնալով տնտեսական գլոբալ դժվարության պատճառներին, տնտեսագետը նշեց. «Պատճառը ցիկլիկ զարգացումն է առաջին հերթին։ Մի քանի պատճառներ կարող ենք նշել։ Առաջինը, որ տնտեսությունն ընդհանրապես, այդ թվում համաշխարհային տնտեսությունը, կրում է ցիկլային բնույթ, եւ վերելքից հետո գալիս է լճացում, որից հետո արդեն ճգնաժամ։

Լճացման բոլոր ախտանշանները կային, եւ, ըստ էության, լճացումը հենց ճգնաժամի առաջին փուլ կարող ենք համարել։ Երկրորդ պատճառն այն է, որ շատ երկրներ այդպես էլ դասեր չքաղեցին գլոբալ ֆինանսատնտեսական դժվարությունից, եւ դա, բնականաբար, պետք է հանգեցներ նոր ճգնաժամի։ Երրորդ պատճառն այն է, որ ինչքան էլ խոսում ենք գլոբալացման, բաց տնտեսության մասին՝ որպես մեկ տնտեսություն, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ազգային տնտեսություն, այնպես էլ գլոբալ համաշխարհային տնտեսությունը պահանջում է որոշակի կարգավորումներ կամ գոնե խաղի կանոններ։

Մեր խաղի կանոններն այդպես էլ չեն ուրվագծվում, որովհետեւ որոշ երկրներ, այնուամենայնիվ, ասում են՝ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները, մեղմ ասած։ Դա, իհարկե, խանգարում է»։

Թ. Մանասերյանի բնորոշմամբ՝ չորրորդ պատճառն այն է, որ հատկապես զարգացած երկրները որոշակի պատասխանատվություն ունեն աշխարհում տիրող աղքատության, սովի, միգրացիոն ճգնաժամի եւ այլ սպառնալիքների համար. «Որովհետեւ զարգացած երկրներում շատ եսակենտրոն զարգացում է նկատվում, որքան էլ նրանք խոսեն մարդասիրական օգնության, ազատ տեղաշարժի, աշխատուժի, տեխնոլոգիաների, ֆինանսական միջոցների եւ այլնի մասին։ Այնուամենայնիվ, ինքներդ եք տեսնում, որ իրականում միշտ չէ, որ այդպես է, հատկապես բարձր տեխնոլոգիաներ երբեք նրանք չեն զիջի, նույնիսկ ամենաբարձր գնով չեն համաձայնի վաճառել զարգացող երկրներին։ Աշխատուժի մասով՝ իրենք կլանում են այն աշխատուժը, որը որակյալ է՝ առաջարկելով շատ ավելի գրավիչ պայմաններ, եւ դա է պատճառը, որ նաեւ ուղեղների արտահոսք է նկատվում զարգացող երկրներից»։

Բանախոսի համոզմամբ՝ տնտեսական դժվարության հաջորդ պատճառն այն է, որ զարգացած երկրներն ունեն պետության կողմից շատ ավելի միջամտվող քաղաքականություն, քան դա պահանջում են զարգացող երկրներից։ Այդ խտրական քաղաքականությունը շատ ցայտուն երեւացել է գլոբալ ֆինանսական դժվարության փուլում, բայց հիմա ավելի է խորանում։

«Մյուս պատճառը սուբսիդիաներն են. զարգացող երկրները չունեն այդ հնարավորությունը, պետական բյուջեից շատ սահմանափակ միջոցներ կարող են ուղղել, օրինակ, գյուղատնտեսության զարգացմանը։ Նույն Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրները, Ճապոնիան հսկայական գումարներ են ուղղում գյուղատնտեսության եւ ոչ միայն գյուղատնտեսության՝ իրենց համար նախընտրելի ճյուղերի զարգացմանը, որն անարդար մրցակցություն է ստեղծում աշխարհում։ Այսինքն, եթե թողնեն այնպես, ինչպես կա, եւ բնական պայմաններով մրցակցեն, ապա ամեն մեկն իր բաժինը կստանա։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չէ, անարդար մրցակցություն է, որովհետեւ այն, ինչը զարգացած երկրներում գործարարները չեն կարողանում մրցունակության որոշակի մակարդակի հասցնել, հատկապես՝ գնի մասով, նրանց օգնության է գալիս պետությունը, իսկ դա բնավ լիբերալ տնտեսության մասին, անգամ պլանային տնտեսության մասին չի խոսում։ Սա խտրական հովանավորչական քաղաքականություն է»,–հավելեց տնտեսագետը։

Թաթուլ Մանասերյանը համաշխարհային տնտեսական դժվարության մեկ այլ պատճառ էլ համարեց զարգացած երկրների կողմից տեղի կամ անտեղի պատժամիջոցների կիրառումը, ինչը որոշ դեպքերում կապված է լինում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների հետ. «Բայց տեսնում ենք շատ այլ օրինակներ, երբ առանձնապես հիմնավորված չէ այդ պատժամիջոցների երկարաձգումը կամ ավելի խիստ պատժամիջոցների սահմանումը, որովհետեւ, ի վերջո, գործ ունենք ոչ թե կայսրերին կամ ոչ ժողովրդավար ղեկավարներին պատժելու դեպքերի, այլ ժողովուրդների հետ, որոնք տուժում են դրա հետեւանքով եւ հետընթաց են արձանագրում»։

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրեթերթ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am