1000х90.jpg (78 KB)

Ովքեր կարող են այս օրերին ՀՀ-ից Արցախ մեկնել․ պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը

Armenpress 14:22, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 4 սահմանային ուղղությունն էլ մարտի 26-ից փակվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար․ գործում են սահմանափակումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Մարտի 26-ից սկսած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմանը 4 ուղղությամբ փակվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև մտցվել են սահմանափակումներ՝ շարժի հետ կապված։ Այս օրերին Արցախի Հանրապետություն կարող են այցելել այն անձինք, ովքեր այնտեղ ունեն հաշվառում, Արցախ կարող են մուտք գործել բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարները անկախ բեռնվածությունից։ Մարդատար մեքենաները կարող են անցնել Արցախի սահմանը պարտադիր բեռնված լինելու դեպքում։ Արցախ կարող են այցելել նաև Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ ԱՀ կարող են մեկնել նաև Պաշտպանության բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունները»,- նշեց Մհրյանը։

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել:  Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am