Պետությունը անասնահամաճարակային կայուն իրավիճակի համար իրականացնում է ռազմավարական միջոցառումներ

Armenpress 17:00, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունը երկրում իրականացնում է ռազմավարական նշանակության միջոցառումներ` կենդանիների շրջանում անասնահամաճարկային կայուն իրավիճակ ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը` ներկայացնելով գարնանային աշխատանքները:

«Հայաստանում հակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման, կենդանիների շրջանում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, նաև բույսերի հիվանդությունների կանխարգելման և վնասատուների դեմ պայքարի համար Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվում են ռազմավարական նշանակության մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը գյուղացիական կենդանիների պատվաստման ծրագիրն է: Հիմա մարզերում իրականացվում է պլանային 7  կանխարգելիչ միջոցառում և 4 ախտորոշիչ միջոցառում»,-ասաց Գաբրիելյանն ու հորդորեց ազգաբնակչությանն ու համայնքապետերին օժանդակել անասնաբույժների աշխատանքին:

Անդրադառնալով բուսասանիտարական միջոցառումներին` նա ասաց, որ այս կիսամյակում Հայաստանի ցածրադիր և բարձրադիր գոտիներում նախատեսվում է իրականացնել պտղատու ծառատեսակների, բանջարաբոստանային կուլտուրաների` վնասատուների, մկնանման կրծողների, մորեխների և ցորենի ժանգի մոնիտորինգ: Արդեն իսկ իրականացվել են մկնանման կրծողների մոնիտորինգի աշխատանքները: Արարատի մարզի Արարատի և Արտաշատի և Սյունիքի մարզի Կապանի և Գորիսի տարածաշրջաններում արդեն տրամադրվել են մկնասպան պրեպարատները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am