1000х90.jpg (78 KB)

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից

Armenpress 14:28, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության՝ մարտի 29-ին նախատեսված Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by ։ Դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» ընկերության ներկայացուցչության հետ և պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարտերային միջազգային օդային հաղորդակցությունը: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am