Կորոնավիրուսով վարակվել է մեկ շտապ օգնության վարորդ և ևս մեկ բժիշկ. նրանք մեկուսացված են

Armenpress 14:23, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված 290 քաղաքացիներց 2-ը բժիշկ են, իսկ մեկը՝ շտապօգնության վարորդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մարտի 19-ին ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և նա հոսպիտալացվել էր, նրա վիճակը լավ է։ Մենք այս ընթացքում ունենք վարակված ևս մեկ բժիշկ ու շտապ օգնության վարորդ։ Սա անխուսափելի է, ինչքան էլ մենք փորձենք պաշտպանել նրանց, քանի որ նրանք շատ են շփվում վարակված անձանց հետ։ Վարակված բուժաշխատողները մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Թորոսյանը։

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am