Կորոնավիրուսով վարակվածների թվում կան դպրոցահասակ երեխաներ. բոլորի ինքնազգացողությունը լավ է

Armenpress 13:40, 26 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակվածների թվում կա երկու ամսական երեխա: «Երկու ամսական երեխա հաստատ չունենք, դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»,-ասաց Թորոսյանը:Նա նկատեց` աշխարհում մոտ 500 հազարի է հասնում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ակայն երեխաների մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա: Թորոսյանը վստահեցրեց` նույնը տեսնում է մեր երկրում:Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա երեխաների շրջանում մի խումբ, որը ռիսկային խմբից դուրս է` նախարարն ասաց, երբ նշում են որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունեն այդ տարիքային խմբի առողջ երեխաներին: «Եթե կա իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ արհեստականորեն իմունոդեֆիցիտ են առաջացնում, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության, այդ թվում՝ այս հիվանդության համար»,-ասաց նախարարն ու նշեց` պետք է հավելյալ ջանքեր գործադրեն օրինակ քիմիոթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու առավել, քան պրակտիկ առողջ երեխաներին: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am