Հայաստանում կորոնավիրուսի տարածումը տեղի է ունենում ոչ վատագույն սցենարով. Նիկոլ Փաշինյան

Armenpress 12:15, 26 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ Հայաստանում տարածումը տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ: «Մենք տեսնում ենք, որ այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ այդպիսի բան չկա: Կա որոշակի աճ և իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթում սահմանված ռեժիմը խստագույնս պահպանենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա մեր մատնանշած 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղավորվել և ավելի օրեր չխնդրենք մեր քաղաքացիներին, որ սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն, գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան»,- ասաց նա:  
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք կա. վերջին մեկ օրում դեպքերն ավելացել են 25-ով։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am