Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշներում. Փաշինյանը ներկայացրեց նոր զեկույցները

Armenpress 10:57, 26 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միջազգային զեկույցներում արձանագրել է զգալի աճ տարբեր ոլորտներում` մասնավորապես ժողովրդավարացման բարձր մակարդակ, տնտեսական ազատության ցուցանիշի բարելավում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց զեկույցների արձանագրումները:
 ««Varieties of Democracy» նախաձեռնությունը հրապարակել է  համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցը: Եվ այդ զեկույցում արձանագրվում է , որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019 թվականին: Զեկույցում կա այսպիսի ձևակերպում` Հայաստանի ժողովրդավարական ակտիվիստները այժմ կարող են քաղել իրենց կողմից իրականացված խաղաղ ցույցերի պտուղները և կարող են տոնել այն փաստը, որ Հայաստանը 2019 թվականից կառավարում է ժողովրդավարական գործընթացով ընտրված կառավարությունը»,-ներկայացրեց Փաշինյանն ու շատ կարևորեց ոչ միայն ընդհանուր տեքստային գնահատականները, այլ կոնկրետությունը, զեկույցում առանձնացված ցուցիչներ:
 Ընտրական ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը 117-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ տեղ` արձանագրվելով 82 կետով աճ: Ազատական կոմպոնենտով Հայաստանը 125-րդ տեղից տեղափոխվել է 61-րդ տեղը` արձանագրելով աճ` 64 կետով: Իրավահավասարության կոմպոնենտ. Հայաստանն այս կետով 63-րդ տեղից տեղափոխվել է 40-րդ կետ` արձանագրելով 23 կետով առաջընթաց: Մասնակցայինության կետով Հայաստանը 105-րդ կետից տեղափոխվել է 52-րդ կետ` արձանագրելով 53 կետի առաջընթաց: Խորհրդակցական կոմպոնենտով Հայաստանը 113-րդ կետից տեղափոխվել է 31-րդ կետ` արձանագրելով 82 կետով առաջընթաց: 
Հաշվի է առնվել, թե կառավարության գործողությունները որքանով են  համապատասխանում հանրային շահին, նաև, թե կառավարությունն ինչքանով է հարգում հակափաստարկները և լսում դրանք, նաև գնահատվել է այն, թե հասարակությունը ինչքանով է մասնակցային: Զեկույցում կան նաև գրաֆիկներ, որտեղ նշված են մինիմումի և մաքսիմումի գծեր: Վարչապետը նկատեց` դրանում Հայաստանը կանանց քաղաքական մասնակցության կոմպոնենտով արդեն հատել է մաքսիմում գիծը, այսինքն՝ համարվում է, որ կանայք շատ լուրջ մասնակցություն ունեն: 
«Հովանավորչությունն ընդհուպ մոտեցել է մինիմում գծին, այսինքն՝ շուտով մենք կհատենք նաև մինիմում գիծը, գործադիրի կոռումպացվածության մակարդակով մենք նույնպես շատ մոտենում ենք մինիմում գծին»,-ասաց Փաշինյանը:
Հաջորդ զեկույցը վերաբերում է 2020 թվականին տնտեսական ազատության ցուցիչին: Վարչապետը կարևորեց, որ այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչում փոխել է իր կարգավիճակը: Եթե նախկինում Հայաստանի տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020 թվականին Հայաստանի տնտեսութունը գնահատվել է հիմնականում ազատ: Երկիրն առաջընթաց է արձանագրել, աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղը` նախկին 47-րդ տեղի համեմատ: Ըստ զեկույցի Հայաստանը հաջողություններ է արձանագրել միանգամից 8 ցուցանիշներով` սեփականության իրավունքներ, դատական համակարգի արդյունավետություն, կառավարության բարեվարքություն, հարկային բեռ: Փաշինյանը շատ կարևոր համարեց, որ հետազոտության հեղինակները Հայաստանի առաջըթնացը մեծապես կապում են հարկաբյուջետային առողջացման կտրուկ աճի հետ: «Եվրոպա տարածաշրջանում մեր երկիրը 18-րդն է 45-ից: Հայաստանի 2019-ի ընդհանուր միավորը միջինից բարձր է` թե Եվրոպայում, թե աշխարհում: Ըստ զեկույցի` ավելի մեծ ներդրումներ ներգրավելու և հիմնական ազատ կատեգորիայում ավելի բարձր հորիզոնականներ ներգրավելու համար Հայաստանը պետք է մեծապես ուշադրություն դարձնի դատական համակարգի արդյունավետության բարելավման և կառավարման համակարգի բարեվարքության վրա»,-ասաց Փաշինյանն ու նկատեց` սա նշանակում է, որ կառավարության քաղաքական ուղղությունը` միջազգային և տնտեսական իրավիճակը բարելավելու առումով, նույնպես համապատասխանում է  փորձագիտական թրենդին, այսինքն՝ դատական համակարգով պետք է լրջորեն զբաղվեն:
Արձանագրվում է, որ երկրում դատարանները տուժում են արդյունավետության, անկախութան և պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակից և դատական համակարգի ամրապնդումը պետք է լինի առաջնահերթություն: Զեկույցում արվում են մի շարք այլ արձանագրումներ:
Փաշինյանը նշեց` այս տնտեսական ճգնաժամից հետո էլ կառավարությունը պետք է լրջորեն տնտեսական փոփոխություններ անի, օտարերկրյա ներդրումներ ներգրավի: Նա նկատեց` ցանկացած լուրջ օտարերկրյա ներդրող առաջինը ծանոթանում է միջազգային զեկույցներին` պատկերացում կազմելու համար, թե ինչ երկրի հետ գործ ունի: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am