Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Armenpress 17:57, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Այս պահի դրությամբ բեռնափոխադրումների հետ կապված ունենք խնդիր և Լարսում, և Բագրատաշենում: Բագրատաշենի անցակետում խնդիրը հիմնականում կապված է Մարնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Եվ նույն թողունակության խնդիրն ունենք նաև Լարսի անցակետում: Այնուամենայնիվ, այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց` կուտակումները և Հայաստան-Վրաստան սահմանին են, և Վրաստանի ներսում, և Լարսի անցակետում: Ավինյանի խոսքով` մոտական ժամաակներս հստակ կարգավորումներ պետք է մշակեն ու պայմանավորվեն, խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Նա նկատեց` բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է իր ռուս և վրացի գործընկերների հետ` հարցերը օպերատիվ կերպով լուծելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am