Կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով Վրաստանում մնացած 30 քաղաքացիներ մեկնեցին Հայաստան

Armenpress 15:37, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Այդ իսկ պատճառով Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Իսկ արդեն այսօր Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։

«Տեղեկացնենք, որ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։

Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից՝ վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am