Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա

Armenpress 19:05, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, որը ժողովրդին հղեց մարտի 24-ին: «Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,-նշեց վարչապետը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am