Թուրքիայում խանութներում և տրանսպորտում մտցվում են սահմանափակումներ

Armenpress 12:41, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, սահմանափակումներ են մտցվում խանութներում և տրանսպորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ խանութներում, հասարակական տրանսպորտում միաժամանակ գտնվող քաղաքացիների թվում կլինեն սահմանափակումներ: Մասնավորապես, առևտրի կետերում յուրաքանչյուր 10 քմ տարածքի համար սահմանվել է մեկ գնորդ: Դրանից բացի, մթերային խանութների ու սուպերմարկետների աշխատանքը կսահմանափակվի: Կաշխատեն 12 ժամով՝ 09:00-ից 21:00:

Խանութները պարտավոր են տեսանելի վայրում փակցնել միմյանցից հեռավորություն պահելու մասին տեղեկատվական թերթիկներ:

Ինչ վերաբերում է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտին, ապա վարորդները կարող են տեղափոխել սահմանված տեղերի 50 տոկոսի չափով ուղևորի:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել փակել սրճարանները, բարերը, սպորտային համալիրները և այլ հասարակական ու ժամանցի վայրերը: Արգելվում են նաև զանգվածային աղոթքները մզկիթներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am