Ավինյանը կոչ է արել խանութներում սպասարկման ժամեր սահմանել հատուկ տարեցների համար

Armenpress 12:49, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար, իսկ այլ տարիքի անձանց խնդրել է այդ ժամերին չգնալ խանութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am