Մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտումը կառաջացնի քրեական և վարչական պատասխանատվություն

Armenpress 12:01, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներով առաջարկվում է համապատասխան հոդվածի համապատասխան հատվածը շարադրել հետևյալ կերպ` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ըթնացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը: Այսինքն ԶԼՄ հասկացությունը փոխարինում ենք լրատվական գործունեություն իրականացնող հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընգրկում ունենա: Այնուամենայնիվ, այս պահին կառավարությունը քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, այսիքնն կարող ենք նաև արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի»,-ասաց նա:

Նույն հոդվածում լրացվում է և սահմանվում է նաև, որ տույժին ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկության կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չվերացնելը կրկին տուգանքի նշանակում է ենթադրում` նվազագույն աշխատվարձի 500-1000-ապատիկի չափով:

Օրենսգրքում լրացվում է նաև 10-րդ մաս` արտակարգ իրավիճակ հիմքով հատարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը: Տրվում են նաև մեկուսացման և ինքնամեկուսացման հասկացությունները: Մեկուսացում է  համարվում անձանց` այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց կոնտակտավորների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Իսկ ինքնամեկուսացում է  համարվում անձանց` այդ թվում հիվանդի կամ վարակվածի, նաև նրանց հետ շփված անձանց` կոնտակտավորների առանձնացումն իրենց մշտական բնակության կամ նախընտրությամբ մեկ այլ վարում` այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակումը, ենթադրում է պատիժ` տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա:

Սահմանվում է նաև պատասխանատվություն, երբ նույն արարքը անզուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշութամբ առաջացրել է մարդու մահ: Բադասյանը նշեց`  մեկ հոդվածով էլ անդրադարձել են դիտավորությամբ նույն արարքը կատարելուն:

Հարակից զեկուցող, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հստակեցրեց` քրեական պատասխանատվություն է նախատեսվում, երբ մեկուսացված, ինքնամեկուսացած անձը կխախտի կանոնները, որի արդյունքում կվարակի մեկ այլ անձի: Առավելագույն պատիժը նախատեսված է տուգանք կամ կալանք` մեկ ամիս ժամկետով: Իսկ նույն արարքը, որը ծանր վնաս  է պատճառել մարդու առողջությանը, այդ դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատատավարձի 500-700-ապատիկի չափով, կալանք 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` 2 տարի ժամկետով: Իսկ եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի կանոնները և դրա արդյունքում անզգուշությամբ մահ կպատճառի մեկ այլ անձի, այդ դեպքում պատիժը կլինի 2-4 տարի ժամկետով ազատազրկումը՝ նաև որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

Անդրադառնլով հնչող տեսակետներին, թե կառավարությունը ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ կիրառող նախագիծ է բերվլ, Գաբրիելյանը շեշտեց` ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիներ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով արդեն 10 տարուց ավել նախատեսված են եղել`500 հազար-800 հազար: Եվ հիմա առաջարկվող փոփոխությամբ նույնիսկ նվազեցվում է այդ գումարի չափը` սահմանել100 հազար-400 հազար դրամ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am