Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը

Armenpress 19:17, 18 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Մենք փաթեթ ենք պատրաստել, որը մի քանի օրվա մեջ գործնականում հնարավոր կլինի կիրառել: Մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը լուրջ խնդիր է դրել աջակցություն ցույց տալ նաև գյուղատնտեսությանը:

«Խնդիր ենք դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքան, մինչև դառնա 0%»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել սոցիալական հրատապ աջակցության համար, իսկ 80 մլրդ դրամի փաթեթ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն Հայաստանին նոր աշխարհին պատրաստելով:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am