«Գիշերային թռիչք», «Հավերժ քոնը»… Տասը գիրք, որոնք այս օրերին կարող են ընկերակցել ընթերցողներին

Armenpress 14:32, 18 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ասում են՝ գրքերը նոր հորիզոններ են բացում, ստիպում ևս մեկ անգամ խորհել մարդու, կյանքի, աշխարհի մասին:

«Արմենպրես»-ն առաջարկում է բազմաոճ և բազմաժանր գրքեր, որոնք ընթերցողներին գուցե գերեն կամ հիասթափեցնեն, հուզեն կամ ոչ. ամեն դեպքում անտարբեր չեն թողնի:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Գիշերային թռիչք»:

Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք օդաչուներից անիմանալի խիզախում են պահանջում: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանաեզրին կանգնած մարդու ապրումները: «Գիշերային թռիչք»-ը դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ:

Գաբրիել Գարսիա Մարկես, «Սերը ժանտախտի օրերին»:

Ի՞նչ է սերը: Երա՞զ, երազա՞նք, թե՞… Այն երիտասարդ սրտերի խաբկա՞նք է: Ինչ էլ որ լինի, վեպի գլխավոր հերոսը՝ Ֆերմինա Դասան, քայլում է առաջ՝ դեպի իր սերը:

Թոմ Հենքս, «…Այն, ինչ զգում է իմ սիրտը»:

Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև հետաքրքիր գրող է: «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի մասին Հենքսն ասում է. «Երկու տարում ես նկարահանվել եմ Նյու Յորքում, Բեռլինում, Ատլանտայում, Բուդապեշտում և այլ քաղաքներում: Աշխատել եմ պրես-տուրերում, հյուրանոցներում, ինքնաթիռներում, տանը, անգամ արձակուրդում: Երբ գրաֆիկս թույլ էր տալիս, գրում էի առավոտից մինչև գիշերվա ժամը մեկը իմ հավաքածուի տարբեր գրամեքենաներով»:

Միգել դե Ունամունո, «Մառախուղը»:

Հեղինակի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը: «Մառախուղը» կարող ես ընթերցել և ընկալել որպես իրականություն, որը հնարավոր է վերափոխել, բայց մինչև վերջ խորամուխ լինել նրա գաղտնիքներին՝ անկարող ես:

Ռոբին Շարմա, «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»:

Կառավարիր միտքդ: Հետևիր նպատակիդ: Տիրապետիր ինքնավերահսկողության արվեստին: Հարգիր ժամանակդ: Ունեցիր «ոչ» ասելու համարձակություն: Պարզեցրու կյանքդ: Անշահախնդիր ծառայիր մարդկանց:  Այս և մի շարք նման խորհուրդների, հնարքների միջոցով Շարման իր հերոսի՝ վանական դարձած նախկին միլիոնատեր իրավաբան Ջուլիան Մենթլի միջոցով օգնում է մեզ զբաղվել անձնական հոգևոր աճով:

Գուրգեն Խանջյան: «Տուր ձեռքդ, պստլո»:

Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

Դանիել Գլաթաուեր, «Հավերժ քոնը»:

Վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող նմուշներից է: Երեսունը բոլորած ժամավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը  ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը:

Խալեդ Հոսեյնի, «Օդապարուկ թռցնողը»:

Մանկությունից հասունություն տանող ճանապարհի, մեղքի ու դավաճանության, սիրո պատմություն է: Հաճախ այն դիտարկվում է որպես ինքնակենսագրական ստեղծագործություն, թեև Հոսեյնին երբեմն միտումնավոր դիմել է երկիմաստության, իր խոսքով՝ ընթերցողական ակումբներին խենթացնելու համար:

Ջասթին Տրյուդո, «Ընդհանուր հայտարար»:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում: Գրքում հեղինակը խոսում է ծնողների, աշխարհի առաջնորդների հետ իր մանկության հանդիպումների, պատանեկան վախերի, սեփական ուղին գտնելու դժվարության, քաղաքականություն մուտք գործելու որոշման և առաջին ընտրարշավի դժվարության մասին:

Միլան Կունդերա, «Կեցության անտանելի թեթևությունը»:

Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման անհնարինությանը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվում կամ չեղարկվում են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am