Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի

Armenpress 18:20, 17 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- նշել է Թորոսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am