Նոր գեղի համայնքի ղեկավարի անունով փողոց անվանակոչելու գործով մարզպետը դիմել է վերաքննիչ դատարան

Armenpress 16:50, 10 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետը Նոր գեղի համայնքի ղեկավարի անունով փողոց և մշակույթի տուն անվանակոչելու գործով դիմել է վերաքննիչ դատարան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ վճռական է տրամադրված և գործը տանելու են մինչև վերջ: Ֆրոնտիկ Թևոսյանի ծննդյան 65 և 70-ամյակի առթիվ համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատելու ժամանակ ավագանին որոշել էր փողոցներից մեկը, ինչպես նաև արվեստի դպրոցն անվանակոչել համայնքի ղեկավարի անունով:

«Դիմել էի վարչական դատարան չեղարկելու ավագանու որոշումը: Դատարանը ժամկետների առումով վերապահում ուներ: Լիազոր մարմինը տվյալ հարցը կարող էր վիճարկել դատարանում որոշման ընդունումից երկու ամսվա ընթացքում: Այսինքն՝ դա նախկին մարզպետի լիազորություններն էին, սակայն քանի որ ես այս պաշտոնը ուշ եմ ստանձնել, ապա հիմնավորեցինք, բողոքարկեցինք այս գործը: Մեր կամքն անկոտրում է, ես բողոքարկել եմ վերաքննիչ վարչական դատարան, հայցը վարույթ է ընդունվել, մարզպետարանի իրավաբանական բաժինն այս պահին գործով զբաղվում է»,-ասաց մարզպետը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ նման խնդիր բախվել են միայն Նոր գեղի համայնքում:

« Համայնքի նախկին ղեկավարը պատրաստ է իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերելու համայնքին, միայն թե այդ անվանափոխումը չարվի: Ասացի, որ եթե ապօրինի է ձեռքբերված, ապա այսպես, թե այնպես այն կվերադարձվի համայնքին»,-ասաց նա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am