1000х90.jpg (78 KB)

Ծաղկաձորի քաղաքապետը «Գոլդեն փելես»-ի շենք չի մտել. նա պարզաբանում է մարզպետի հայտարարությունը

Armenpress 15:48, 10 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը մեկնաբանել է իր՝ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին մարտի 8-ի առիթով ծաղիկներ նվիրելու մասին Կոտայքի մարզպետի հայտարարությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Հարությունյանը նշեց, որ ինքն անձամբ չի մտել շենք:

«Ես վարդերի փնջերը փոխանցել եմ հատուկ աշխատակիցներին, չեմ բարձրացել վերև, քանի որ ուժեղ հսկողություն է իրականացվում և ոչ ոքի չի թույլատրվում ներս մտնել»,- նշեց Ծաղկաձորի քաղաքապետը:

ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցրին, որ տվյալ հյուրանոց այժմ ոչ ոք իրավունք չունի մտնել, քանի որ կարանտինային տարածք է:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարտի 10-ին՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ծաղկաձորի քաղաքապետն այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am