Հայաստանում օրենսդիրները քննարկում են հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը

Armenpress 14:38, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Գաբրիելյանը:

Նա նկատեց, որ նախագիծը համարվում է նաև հայրենադարձությունը խթանող օրինագիծ:

«Գործող կարգավորման համաձայն՝ մեր բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից: Եվ մենք ասում ենք, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, կստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, ինքը կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում»,-ասաց Գաբրիելյանը:

Այսինքն` նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրերի ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am