Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին

Armenpress 20:10, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14): Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովից։

«2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ: Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով` բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Սամվել Կարապետյանի բացառիկ ջանքերի շնորհիվ՝ հավաքագրվել, վկայագրվել են հազարավոր հուշարձաններ Արևմտյան Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Հնդկաստանում և հայկական այլ գաղթօջախներում:

Նա ոչ միայն քննադատել է Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման քաղաքականությունը, այլև այդ հանցագործությունների փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008թ.` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Սամվել Կարապետյանը երկար տարիներ ղեկավարում էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակը: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմության հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ։ Ստեղծել է հայկական մշակույթի մասունքների վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն: Սամվել Կարապետյանը մի մտավորական էր, ով վայելում էր համաժողովրդական, համազգային սեր, հարգանք։ Նրա վերաբերմունքը հայրենիքի, հայրենաճանաչության, մայրենի լեզվի նկատմամբ ամենօրյա օրինակ է բոլորիս համար:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am