Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

Armenpress 16:38, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլին, զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ելենա Միլոշևիչը ներկայացրել է  ծրագրի շրջանակում մեր երկրի հետ համագործակցության դրական արդյունքները` նշելով, որ Հայաստանում դպրոցական սննդի ապահովման հաջողված փորձը` որպես արդյունավետ մոդել, կարող է ներդրվել նաև այլ երկրներում: 

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել  Հայաստանի հետ առաջիկա տարիների ՊՀԾ համագործակցության նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է դպրոցական սննդի ծրագրի հիման վրա  ընդլայնել համագործակցությունը` ներառելով նաև սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կառավարությունն ու մասնավորապես ԿԳՄՍ նախարարությունը կարևորում են   «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ընդգծելով դրանում նոր բաղադրիչների` տեղական արտադրության մթերքների վրա հիմնված ագրոբիզնեսի, դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղությունների  ներառումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությանը: Ծրագրի իրագործման արդյունավետության տեսանկյունից կարևորվել է դպրոցական խոհարարների վերապատրաստման նոր համակարգի ներդրումը` օգտագործելով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներուժը:  ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ խոհարարները կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ  կանցկացվեն մարզային քոլեջներում և ուսումնարաններում: Կողմերը կարևորել են նաև դպրոցներում սննդի ապահովման կազմակերպման գործընթացի մոնիթորինգի և վերլուծության իրականացումը, որը հնարավորություն կտա բարելավել ծրագրի արդյունավետությունը:

Նշենք, որ Արագածոտնի,  Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ: Հայաստանում ծրագրի դոնորը  Ռուսաստանի Դաշնությունն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am