ՀՀ և ՌԴ կառավարությունները չեն քննարկել ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը

Armenpress 15:15, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները դեռևս չեն համաձայնեցրել Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

«Որքանով ես տեղյակ եմ, Ռուսաստանը և Հայաստանը դեռևս չեն համաձայնեցրել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարաձգման հարցը, և այն չի լուծվել: Ընթանում են բանակցություններ»,- նշեց Սվիրիդենկոն:

2019 թ-ի դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am