Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

Armenpress 13:41, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշվում է.

«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:

Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին և գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am