ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութի իրական լինելը

Armenpress 12:10, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում իբրև թե մի ադրբեջանցի ազատ տեսանկարահանում է իրականացնում Երևանի տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այս մասին ասաց փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում:

«Ցանկացած տեսանյութ կարող ենք վերցնել, կողքից այնպես անել, որ իբրև թե ադրբեջանցի է խոսում և հրապարակենք: Երկու տարի առաջ նույն տեսանյութն այլ անձի անունով հրապարակվել է: Մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չհամապատասխանող, դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կհանրայնացնենք»,- նշեց Մարտիրոսյանը:

Տեսանյութը հրապարակվել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից և կարճ ժամանակում լայն տարածում գտել համացանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am