Ռիգայում տեղի է ունեցել «Խաչատրյան Տրիո»-ի համերգը

Armenpress 20:31, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայի «ՎԵՖ» մշակույթի պալատում փետրվարի 26-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ բալթյան երկրներում «Խաչատրյան Տրիո»-ի շրջագայության չորրորդ համերգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էր Լատվիայի նախկին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Բալթյան երկրներում Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, դեսպաններ, Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սաեյմայի պատգամավորներ, քաղաքական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման սկզբում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Միսակ Բալայանը ներկաներին փոխանցեց Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր․

«Նշանավոր «Խաչատրյան Տրիո»-ի յուրաքանչյուր երաժիշտ իր անհատական կարիերայում մեծ հաջողությունների է հասել: Որպես եռյակ` նրանք շրջել են աշխարհով մեկ`համերգներ տալով գրեթե բոլոր խոշոր քաղաքներում:

Այսօր երեկոյան «Խաչատրյան Տրիո»-n ներկայացնում է հատուկ ծրագրով, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ և բալթյան կոմպոզիտորների կողմից գրված երաժշտությունը: Լատվիացի կոմպոզիտոր Գեորգի Պելեցիսի՝ հատուկ «Տրիո»-ի համար գրված ստեղծագործությունը առաջին անգամ կատարվում է այս համերգային շրջագայության ընթացքում։ Սա ևս մեկ պատմական պահ է, և պարոն Պելեցիսը մեզ պատվել է այստեղ իր ներկայությամբ:

Այսօրվա համերգը մենք կցանկանայինք նվիրել 1988-1990 թվականներին Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակին: Այս տարի Բաքվի ջարդերի 30-ամյակն է, որը հիշատակվեց աշխարհասփյուռ հայության կողմից: Այն ժամանակ համաշխարհային մտավորականությունը շատ քննադատաբար արձագանքեց այդ կոտորածներին, նրանց իրականացնողներին: Նման քննադատներից մեկն էլ ծնունդով Ռիգայից, փիլիսոփա Իսայա Բեռլինն էր: Կեղծված պատմությունները, ինչպես կեղծ լուրերը, չեն կարող բերել որևէ լավ նպատակի: Այն պատմությունը, որից անհրաժեշտ դասեր չի քաղվում, մի օր անպայման կրկնվելու է»։

Նշանավոր Տրիոյի համերգային կատարումն արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am