Դիլիջանի ոլորաններում ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Armenpress 14:12, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 27-ին ժամը 03:18-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Հ.-ն ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվելով՝ հայտնվել հաջորդ ոլորանի ճամփեզրին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ ուղևոր Կարինե Կ.-ն (ծնված՝ 1989 թ.) տեղում մահացել է: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին դուրս բերել ավտոմեքենայից: Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am