Տնտեսության կառուցվածքի բարելավում, ցածր գնաճ, ֆինանսական կայուն ցուցանիշներ

Armenpress 14:04, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ զեկույցը մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնեն Ազգային ժողով:

«Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք Դուք հրապարակել եք 100 փաստ նոր Հայաստանի մասին Ձեր հրապարակումներում: Իհարկե, ամփոփված են նաև այլ թվեր ու ցուցիչներ: Զեկույցը բավականին քննարկված է, առաջարկում եմ հավանություն տալ և ներկայացնել ԱԺ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նախարարություններին ինքնաստուգում անել ու տեսնել, թե այդ 100 փաստերի մեջ քանի փաստն է վերաբերում կոնկրետ իրենց նախարարությանը: Վարչապետը հրապարակեց զեկույցի նախաբանը՝ նշելով.

«2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների ու եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12,1% կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Սա ես համարում եմ շատ կարևոր այն կոնտեքստում, որ մենք հայտարարել ենք, որ Հայաստանում տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր: Ընդ որում, այստեղ հաշվարկված չէ հանքարդյունաբերությունը:

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության ու հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27,2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14,7%-ով աճի կարևոր արտահայտություններից է:

Հայաստանից ապրանքների ու ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10,3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26,4%), մրգային գինիների (70,8%), խաղողի գինու (25,3%) ու բուսական ծագմամբ արտադրանքի (14,3%) ապրանքախմբերով:

Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26,9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13,5%-ով:

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27,6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով:

2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505.4 միլիարդ դրամով կամ 43,6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199.1 միլիարդ դրամով նվազեցնելու հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը ու 306,3 միլիարդ դրամով փաստացի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները։

2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20,95%) համեմատ բարելավվելով 1,38 տոկոսային կետով, ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը:

2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։

2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ:

2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսային կետով:

Հաշվետու տարում նորոգվել եւ հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը՝ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

2019 թ. հունիսի 1-ից զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից եւ պայմաններից, բարձրացվել է մինչեւ 30%-ով: Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2 600 դասախոսների, առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 10-30%-ով: Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի եւ կրտսեր խմբերի աշխատավարձը բարձրացվել է մինչեւ 52%-ով:

2020 թ. հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է 30%-ով: 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել եւ սահմանվել է 68 հազար դրամ:

Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64 084 նպաստառուի նպաստների եւ 3 307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ սահմանելով 25 500 դրամ: Հունվարի 1-ից բարձրացվել են նաեւ 21 785 աշխատանքային եւ 7 583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25 500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով։

2019 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստներն աճել են 26,1%-ով կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ-ի դոլարով՝ տարեվերջին հասնելով աննախադեպ 2,85 միլիարդ ԱՄՆ-ի դոլար մակարդակի:

Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16,9%-ով կամ 842 միլիարդ դրամով,  տրամադրված վարկերի ծավալը՝ 16,4%-ով կամ 482 միլիարդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 19,3%-ով կամ 527 միլիարդ դրամով:

Միջազգային վարկանիշային գործակալություններն արձանագրված տնտեսական ցուցանիշ¬ների եւ վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում  բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, մասնավորապես, «Ֆիթչ»-ը այն բարձրացրել է «BB-», իսկ «Մուդիզ»-ը՝ «Ba3» մակարդակի»,- ներկայացրեց վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am