ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի. վարչապետն անդրադարձավ 2019-ի արդյունքներին

Armenpress 12:53, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր, դա շատ կարևոր է, և պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով կառավարության, նախարարությունների հաշվետվողականությունը:

«2019 թվականին ՀՀ-ում գրանցվել է 2008 թվականից ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որը ԵԱՏՄ, հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա առաջին տարին է, որ մշակվող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում գյուղատնտեսությունից ավելին է: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտը, ապրանքների և ծառայությունների արտահանումը 10.3 տոկոսով աճել է:

«Ես արտադրողների հետ եմ խոսել, մրգային գինիների հետ կապված հետաքրքիր պրոցեսներ են գնում, մենք պետք է աջակցենք նրանց, քանի որ նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա: Աշխարհում նռան գինին սկսում է ավելի դուր գալ մարդկանց և այս համատեքստում արժե մտածել մեր ինտելեկտուալ սեփականությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը նկատեց, որ 2019-ին արձանագրվել է գրեթե 15 տոկոս զբոսաշրջության աճ, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2.1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27.6 տոկոսով:

 «Նախկինում արված քաղաքական հայտարարության շրջանակներում,  բյուջեի եկամուտներն աճել են 43.6 տոկոսով, 1 միլիարդ 60 միլիոն դոլարով: Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե որտեղ եք ուզում գցեք: Մեր հույսն այն է եղել, որ բիզնեսը գործընկերային քայլը գնահատելով՝ այդ գումարները կներդնի տնտեսության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև, որ ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 5.8 տոկոսով աճել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am