Հայաստանից փայտանյութի արտահանումը երրորդ երկրների կարգելվի

Armenpress 12:39, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի ու դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: «Այս արգելքը վերաբերում է, մասնավորապես, վառելափայտին, գերաններին»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:

Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am