1000х90.jpg (78 KB)

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են

Armenpress 11:46, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ մանրամասներ ներկայացրեց աշխարհում և տարածաշրջանում վիրուսի տարածման վերաբերյալ և նշեց, որ այսօր զրուցել է Վրաստանի գործընկերոջ հետ: Վերջինս տեղեկացրել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման մեկ դեպքը բերովի է, այսինքն՝ այլ երկրի քաղաքացի է եկել Վրաստան՝ արդեն իսկ վարակված: «Նա և նրա հետ շփված 4 անձինք մեկուսացված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Թորոսյանը:  

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, և Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ «Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Զինված ուժերում նույնպես կանխարգելման լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել և զինծառայողների ծնողներին ու հարազատներին հորդորեց ըմբռնմամբ մոտենալ:

 «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է ինչ-որ բան թաքցնելու դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, և կառավարությունը թաքցնի այդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին ապրել  բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանգստացնող բան չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։

«Եթե, այնուամենայնիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - վստահեցրեց փոխվարչապետը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am