ՀՀ դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական ուղերձը

Armenpress 20:04, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 26-ին այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ: Դեսպանը նշել է. «Այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»: ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծել բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am