1000х90.jpg (78 KB)

ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները կարևորել են տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը

Armenpress 17:08, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 26-ի  հանդիպեց  Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Նախարար Մնացականյանը նշեց, որ չնայած առկա աշխարհագրական հեռավորությանը՝  Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ հայ-կուբայական  համագործակցության ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը վայելում են հայկական կողմի լիակատար աջակցությունը:

Արտգործնախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ որպես տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ուղենշման հարթակ: 

Նախարարներ Մնացականյանը և Պարիլլան դրական գնահատեցին միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և վստահության վրա:

Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am