1000х90.jpg (78 KB)

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեֆ Բորելին ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումները

Armenpress 10:07, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին  հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարևոր հարթակ: Զրուցակիցները շեշտել են Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ երկկողմ և բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը:

ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, ինչպես նաև անդրադարձել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am