Տավուշի ուղղությամբ սահմանային իրավիճակը հանգիստ է. մարզպետ

Armenpress 19:13, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի իր ղեկավարած մարզի հատվածում իրավիճակն այժմ հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Չոբանյանն ասաց փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին շրջանում արձակած կրակահերթերին:

«Վերջին շրջանի իրադարձություններն էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որոնք լինում էին նախկինում: Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել: Անհանգստանալու ոչինչ չկա, բարեբախտաբար, մենք ունենք վիրավոր, որի կյանքին ոչինչ չի սպառնում: Հիմա իրավիճակը հանգիստ է»,- ասաց Չոբանյանը:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը զոհ չունեն, թեև ավելի վաղ հայտարարվել էր մեկ վիրավորի մասին: Վիրավորումը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը միջադեպը հայկական կողմից «դիվերսիայի փորձ» է որակել՝ հայտարարելով մեկ զոհի մասին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am