Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է

Armenpress 16:48, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը Արմեն Սմբատյանին Իսրայելում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագրում փոփոխությունների հրամանագիր է ստորագրել, որով արձանագրվում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանի նստվայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ:  

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Թել Ավիվում դեսպանություն հիմնելու որոշմանը ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել 2019թ. սեպտեմբերին: Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռեւս 1992թ. ապրիլին: 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am