Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Armenpress 16:05, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: 

«Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: 

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: 

Ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am