Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Օմանում

Armenpress 19:19, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alarabiya-ն:

Դեպքերի գրանցումից հետո Օմանն անմիջապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը:

«Երկու օմանցի կանանց մոտ, որոնք վերադարձել են Իրանից, որը պայքարում է Չինաստանի սահմաններից դուրս մահաբեր վիրուսի բռնկման դեմ, ախտորոշվել է կորոնավիրուսը: Նրանք գտնվում են կայուն վիճակում»,- հայտնում է լրատվամիջոցը:

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

Նիստի ավարտի և դրա արդյունքներով ընդունված որոշումների մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նիստի  արդյունքներով որոշվել է.

Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար: Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:

Հունվարի 30-ին Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը: Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am