Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդայինը՝ սահմանափակում

Armenpress 11:50, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղարդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ավարտի և դրա արդյունքներով ընդունված որոշումների մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նիստի  արդյունքներով որոշվել է.

1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:

6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am