1000х90.jpg (78 KB)

Թուրքիան Իդլիբն օգտագործում է որպես խաղաքարտ Սիրիայի այլ հատվածում ակտվիության համար. փորձագետ

Armenpress 11:26, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ խոշոր տարածաշրջանային խաղացողները, կարծես, համաձայնություն են ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ այս մասին են վկայում թուրքական կողմի վերջին արձագանքները:

«Կարող ենք ասել, որ կա որոշակի համաձայնեցվածություն տարածաշրջանային երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ: Այդ մասին են խոսում այն բանակցությունները, որոնք իրականացնում են թուրքական ու ռուսական կողմերը: Խոսքն այն մասին է, որ Իդլիբում՝ թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորությամբ մնան թուրքական դիտակետերը, և Թուրքիան այս հատվածում ավելացնի իր զինուժը: Մինչդեռ որոշ դիտակետեր ժամանակին սահմանից ավելի հեռու էին գտնվում: Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան համաձայնել է ստեղծված իրավիճակի հետ և փորձում է գոնե այն հատվածում, որտեղ հնարավոր է դիտակետերը պահել, մի քիչ ավելի հետ քաշվելով, դա իրականացնել»,-ասաց արաբագետը:  

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Թուրքիան կունենա այդ հատվածում ռազմական ներկայություն և կփորձի դրանով ավելի վերահսկելի դարձնել այն տարածքները, որտեղ ինքը կմնա: Դա, իհարկե, ձեռնտու չէ Սիրիային: Սիրիայի համար առավել շահեկան կլիներ, եթե Թուրքիայի ներկայությունն այդ հատվածում ընդհանրապես չլիներ: Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ Իդլիբում հիմնական խնդիրը ահաբեկչական խմբավորումներն են, որոնց դեմ ռեալ պայքար են մղում հենց սիրիական կառավարական ուժերը՝ նպատակ ունենալով ազատագրել տարածքը: Նրա կարծիքով, այդ հանգամանքով պայմանավորված՝ որոշակի վերադասավորումներ կլինեն, սիրիական ուժերը փոքր-ինչ կուժեղացնեն իրենց դիրքերը:

Չնայած կողմերի միջև որոշակի համաձայնեցվածությանը, արաբագետը չի բացառում, որ լինեն որոշ իրավիճակային փոփոխություններ: Ըստ էության,  Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի կառավարական ուժերի՝ Իդլիբի հետ կապված ակտիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նահանգը դուրս է խաղի ընդհանուր կանոններից: Այստեղ գտնվող ահաբեկչական վտանգավոր ուժերը չեն ենթարկվում որևէ կողմի: Հետևաբար, ահաբեկչական խմբավորումների անկանխատեսելիությունը կարող է որոշակի իրավիճակային փոփոխություններ մտցնել:

«Իդլիբին զուգահեռ մենք նկատում ենք, որ Թուրքիայի զինուժն ակտիվություն է ցուցաբերում Սիրիայի այլ հատվածում, օրինակ՝ Մանբիջում, վերջերս ստեղծված Եփրատից Արևելք ընկած անվտանգության հատվածում: Սա էլ, ըստ իս, որոշակի պայմանավորվածությունների մասին է խոսում: Թուրքիան Իդլիբն օգտագործում է որպես խաղաքարտ Սիրիայի այլ հատվածներում ակտիվություն դրսևորելու համար»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:  

Արաբագետն անդրադարձավ նաև Իդլիբի 3 մլն խաղաղ բնակիչների վիճակին: Սպասվում է փախստականների հոսք դեպի Թուրքիա: Արդեն կան տեղեկություններ, որ մոտ 1 մլն մարդ է կուտակվել սահմանին, ինչը խնդիր է Թուրքիայի համար՝ թեպետ Թուրքիան փորձում փախստականներին ուղղորդել դեպի Աֆրին:

Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը ստիպված հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունն է հայտնել այս գործողություններին, իսկ Անկարան դա գնահատել է որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am