Փրկարարները մարել են Բարեկամավան գյուղին հարակից անտառում բռնկված հրդեհը

Armenpress 19:49, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 21-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան գյուղում՝ անտառում գտնվող բջջային կապի աշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի խմբից 5  և Ոսկեվանի խմբից 4 փրկարար ծառայող, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:55-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են մոտ 2 հա բուսածածկույթ, մացառուտ և փայտի թափուկներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 13 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am