1000х90.jpg (78 KB)

Երվանդ Մանարյանի կյանքն ընտիր դասագիրք է. տեղի ունեցավ արտիստի հոգեհանգստի արարողությունը

Armenpress 19:17, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, հասարակական, քաղաքական, մշակույթի և այլ ոլորտների գործիչներ ներկա էին  ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկը գույն ունենալն է, և երբ ուզում ենք հասկանալ, թե մարդն ինչ կյանքով է ապրել, ինչ հանրային ընկալումներ է ունեցել, նրա հեռանալուց հետո տեսնում ենք, թե ինչ գույն է պակասել մեր միջավայրից, հանրային կյանքից, մեր գեղարվեստական իրականությունից:

«Երվանդ Մանարյանով հեռանում են գույներ: Իմ ընկալումներում նրա կեցվածքում ասպետական բան կար, նա կենցաղի մանրուքներից բարձր մարդ էր, արժանապատիվ անձնավորություն: Ինչպես ասում են նրան վաղուց ճանաչող մարդիկ, Երվանդ Մանարյանն ամբողջ կյանքում ոչինչ ոչ մեկից չի խնդրել, չի պահանջել և չի խլել: Նա իր մասնագիտությունը վերածեց առաքելության, իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց մի գործի: Մանարյանն օրինակելի քաղաքացի էր, և անկախ իր պատկառելի տարիքից մշտապես եղավ հանրությանը մտահոգող թեմաների կիզակետում, չվախեցավ ժպիտով և ազատ խոսել քաղաքական իշխանությունների հետ: Ազատ մարդու փիլիսոփայական զվարթ բան կար նրանում»,-շեշտեց Խզմալյանն ու հիշատակելով  նաև դիրիժոր Յուրի Դավթյանի կորուստը ասաց, որ այդ սերնդով մեզանից հեռանում է արժանապատիվ արվեստագետների աստղաբույլը, մարդիկ, որոնք գիտեին` ինչ է պատիվը և քաղաքացու օրինակ էին:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ շեշտեց, որ Մանարյանն իր ուսուցիչն էր: «Նա ինձ համար թատերական ասպարեզի ասպետ էր` ընկերների, կանանց, ընտանիքի, գործի հանդեպ իր վերաբերմունքով:  Մանարյանը երջանիկ մարդ էր և երջանկացնում էր բոլոր նրանց, ովքեր հաղորդակցվում էին նրա հետ: Ավելի ազատամիտ, ժամանակակից, դրական էներգետիկա փոխանցող մարդու դժվարությամբ կարողանամ հիշել: Երվանդ Մանարյանի կյանքն ընտիր դասագիրք է բոլորիս համար: Երբ հիշում եմ նրան, երջանկության զգացողություն եմ ունենում, որ ապրել ենք նրա ժամանակներում, որ հնարավորություն ենք ունեցել աշխատելու, ստեղծագործելու միասին»,-ընդգծեց Բաբայանն ու հավելեց, որ Երվանդ Մանարյանը արվեստագետի, մտավորականի, քաղաքացու փայլուն օրինակ էր:

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն էլ նշեց, որ Երվանդ Մանարյանին բարձր գնահատական է տվել ժողովուրդը, որը նրան իրապես սիրում էր: «Նրա մահը մեծ կորուստ էր ժողովրդի, մշակույթի, արվեստագետների, բոլորիս համար: Երվանդ Մանարյանի ներկայությունը քաղաքում կարևոր էր, և Մանարյանն այն բացառիկ արվեստագետներից էր, որն ուներ ընդգծված քաղաքացիական  դիրքորոշում: Նա  շատ բովանդակալից և գեղեցիկ կյանք ապրեց: Կարևորում եմ հատկապես նրա նվիրվածությունը երեխաներին Տիկնիկային, այնուհետև իր ստեղծած «Ագուլիս» թատրոնում: Մանարյանն արեց ամենը, որ իր գործը նշանավորվի և արածը բարի խոսքով հիշեն»,-նկատեց Ներսիսյանը:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։  Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն: 2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ: 2018 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

Երվանդ Մանարյանը կյանքից հեռացել է փետրվարի 20-ին 96 տարեկանում:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am