Սիմֆոնիկ նվագախումբը Կոմպոզիտորական արվեստի փառատոնին կատարումներ նվիրեց Յուրի Դավթյանին

Armenpress 21:20, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի  փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է Ալեքսանդր Հարությունյանին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Նվագախումբը կատարումներ նվիրեց նաև դիրիժոր Յուրի Դավթյանին, որը կյանքից հեռացավ փետրվարի 20-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի ունեցավ փետրվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ալեքսանդր Հարությունյանի մշակմամբ «Դլե յաման»-ը նվիրում ենք Յուրի Դավթյանին, որը մեզ համար շատ թանկ է: Նրա հետ ենք սկսել մեր ճանապարհը: Նա իմ դասախոսն էր: Դավթյանը բազմաթիվ դիրիժորների ուսուցիչն էր: Նա նվագախմբի երաժիշտներին զարգանալու հնարավորություն է տվել, վստահություն, և մենք չէինք կարող այս համերգին չանդրադառնալ Դավթյանին, որը ոչ միայն հրաշալի երաժիշտ էր, այլև հրաշալի մարդ»,-մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Սմբատյանն ու  հավելեց, որ Դավթյանը և Ալեքսանդր Հարությունյանը շատ լավ ընկերներ են եղել:

Հարությունյանի առաջին օպերան՝ «Սայաթ-Նովա»-ն, ղեկավարել է Յուրի Դավթյանը:

Որպես մենակատարներ համերգին հանդես եկան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգային մրցույթի դափնեկիր‚ շեփորահար Հայկ Գուրգենյանը։

Սիմովիչի հետ նվագախումբը հանդես է եկել հինգ տարի առաջ, իսկ Գուրգենյանը նվագախմբի մենակատարներից է: «Հաճելի է, որ նվագախմբում կան բարձրակարգ երաժիշտներ, որոնք կարող են ելույթ ունենալ որպես մենակատարներ»,-ընդգծեց Սմբատյանը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է: Անցած տարիներին փառատոնի շրջանակում նաև ծավալուն երաժշտագիտական աշխատանք է կատարվել. թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր: Այս տարվա փառատոնի ընթացքում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am