Վարչապետը ներկայացրեց մինչև 2050 թվականը սպորտի ոլորտում ՀՀ կառավարության նպատակները

Armenpress 14:27, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ մի քանի օր առաջ դիտել է «Արարատ-73»-ի մասին մի ֆիլմ, որտեղ նշվել է, որ Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է. «Այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է»:

«Այնպես որ, կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության և զարգացման քաղաքականության համատեքստում: Առաջարկում եմ մեթոդաբանություն մշակել ու հաշվարկել, թե, օրինակ, օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր: Չկա մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, բայց նա ունի տեսանելի հաջողություններ սպորտի ոլորտում: Սպորտի զարգացումն ամենալավ լակմուսն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,- ընդգծեց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am