Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում

Armenpress 21:48, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները փետրվարի 18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մինչ մեկնարկը ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Էդուարդ Բազիկյանը անձնակազմին հրահանգավորեց՝ ընդգծելով, որ պետք է անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, թաղանթապատված դիմապակիով՝ 7, ժամկետանց համարանիշերով՝ 2, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով՝ 2, առանց համապատասխան թույլտվության փարոսիկներով շահագործվող՝ 1 մեքենա։ Երեք տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am